Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 10.2007 (7)

Հեռուստաբժշկությունը Հայաստանում

Հեռուստաբժշկությունը Հայաստանում

Հեռուստաբժշկությունը նոր տեխնոլոգիա չէ, այն ժամանակակից բժշկության մի ամբողջ բնագավառ է, որը ծնունդ է առել մարդկայինբանականության և գիտական մտքի, ինչպես նաև ինֆորմացիայի փոխանցման մեթոդների ստեղծմանը եվ զարգացմանը զուգահեռ։

 

Մեզ հասած հնագույն ձեռագրերից հայտնի է , որ հին Չինաստանում բժիշկները հիվանդություններ էին ախտորոշում անոթազարկի միջոցով։ Ավելին, որոշակի մշակութային առանձնահատկություններով պայմանավորված` արգելվում էր ոչ միայն հպվել հիվանդին, այլ նույնիսկ տեսնել նրան։ Իսկ անոթազարկը որոշելու համար հիվանդի դաստակին թել էր կապվում և այս թելի ծայրը տարվում դուրս, այնտեղ, որտեղ գտնվում էր բժիշկը։ Գուցե հենց այս ժամանակ մարդկությունը սկսեց մտածել տարածության վրա ախտորոշման և բուժման հնարավորությունների մասին։ Շատերը համարում են, որ հեռուստաբժշկության հիմնադիրը նույն ինքը Ալեքսանդր Բելն է, որն իր հայտնագործած հեռախոսով առաջին անգամ բժիշկ հրավիրեց։ Հեռուստաբժշկության մասին տեղեկություններ որոնողները գտել են նաև նախորդ դարի սկզբում հեռագրերի ձևով բժշկական նյութեր ուղարկելու մասին տվյալներ։

 

Արդեն 1905 թ. Էյնդհովենը հեռախոսի օգնությամբ առաջին անգամ փոխանցեց էլեկտրասրտագրության տվյալներ։

 

Նախորդ դարի 20-ական թվականներից, երբ լայնորեն կիրառվում էր Մորզեի այբուբենը, վերջինիս օգնությամբ շվեդ մասնագետները բժշկական խորհրդատվություն էին անցկացնում ծովում գտնվող նավաստիների համար։ Այս մեթոդը շուտով լայն տարածում է գտնում նաև եվրոպական այլ երկրներում։

 

Սակայն հեռուստաբժշկության հիմնական խնդիրը ճիշտ ախտորոշումն է վիզուալ կոնտակտի պարագայում։ Եվ հենց այս տեսակետից հեռուստաբժշկության հիմնադիր կարող է համարվել Ալբերտ Յուտրասը` կանադական «Hotel-Dieu» կլինիկայից, որն առաջին անգամ պատմության մեջ կարողացավ հեռուստատեսային պատկեր ուղարկել իր սեփական հեռուստացույցի վրա 1959 թ.։

 

Անցած տարիների ընթացքում բնականաբար շատ բան փոխվեց։ Տեխնոլոգիաների զարգացման առումով XX դարի II կեսը ուղղակի ապշեցուցիչ էր։ Հսկայական զարգացում ունեցավ նաև հեռուստաբժշկությունը։ Սակայն այս բնագավառը մինչ օրս տեղ չի գտել հայրենական բժշկագիտության մեջ։ Միայն վերջերս Հայաստանում այս ուղղությամբ սկսեցին տարվել առաջին փորձերը։ Մասնավորապես, մենք հնարավորություն ունեցանք սեպտեմբերի 14-ին ներկա գտնվելու Ստեփանակերտի պոլիկլինիկաներից մեկի և Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնի միջև կազմակերպված հեռաբժշկության սեմինարին։ Այս միջոցառման նպատակն էր հանրությանը և առողջապահական ոլորտի մասնագետներին ուղիղ կապի միջոցով տեղեկացնել առաջատար տեխնոլոգիաների և հեռաբժշկության լայն հնարավորությունների մասին։ «Հեռուստաբժշկություն» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հեռուստակամուրջ Երևանի և Ստեփանակերտի միջև առաջնային և երկրորդային օղակների բժիշկների համար, որի ընթացքում Հայաստանի լավագույն մասնագետները Լեռնային Ղարաբաղի գործընկերներին ներկայացրին վերջին նորությունները այրվածքների և օձերի խայթոցների ու դրանց բուժման նորագույն մոտեցումների վերաբերյալ։ Նշենք, որ Հայաստանում մանկական առողջապահության բնագավառում գործող «Հեռուստաբժշկություն» ծրագիրը հիմադրվել է «Արաբկիր» Բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի, «Medical missions for children» ամերիկյան բարեգործական կազմակերպության և Դոնչյան բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ։ Այս ծրագիրը արդեն գործում է 1 տարի, և այդ ընթացքում ներկայացվել է 7 դասախոսություն։

Հաջողություն մաղթենք այս բնագավառը Հայաստանում զարգացնող մասնագետներին և հուսանք, որ այն իր տեղը կգտնի հայրենական առողջապահության ոլորտում։

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 10-2007 (7)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ